Բայդենն Ալիևին կոչ է արել մինչև տարեվերջ ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում կոչ է արել մինչև տարեվերջ ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ Բայդենի նամակն Ադրբեջանի նախագահին է փոխանցել ԱՄՆ-ի նախագահի Եվրոպայի գծով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը։ 

Ուղերձում Ջո Բայդենն իր ուրախությունն է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը կկարգավորի երկու երկրների միջև հարաբերությունները:

ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։

«Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման հետ մեկտեղ, խաղաղության համաձայնագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ներդրումների և կապերի ավելացման համար: Այժմ, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվի վրա՝ կապված COP29-ի հետ, Դուք եզակի հնարավորություն ունեք համաշխարհային հանրությանը ցույց տալու ձեր նվիրվածությունը խաղաղությանը: Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած կետերի վերջնականացումը կպահանջի ստեղծագործական մոտեցում և փոխզիջում բոլոր կողմերից։ Բայց ես վստահ եմ, որ Դուք չեք զլանա օգտվել այս հնարավորությունից, և ես Ձեզ կոչ եմ անում այս տարի ավարտին հասցնել աշխատանքը պայմանագրի վրա», – նշված է Բայդենի նամակում։

ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ վստահեցնել է, որ աջակցում է այդ գործընթացին և հավելել, որ իր աշխատակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն ճանապարհ հարթել դեպի խաղաղություն:  

«Ես խնդրել եմ Եվրոպայի գծով իմ ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին ներկայացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել, ինչպես նաև ստանալ Ձեր տեսակետները Հայաստանի հետ քննարկումների վերաբերյալ», – գրել է Ջո Բայդենը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանի նախագահը կօգտվի այդ հնարավորությունից՝ տարածաշրջանի համար նոր ուղի գծելու համար, որը հիմնված է համատեղ բարգավաճման ու ընդհանուր բարօրության ձգտելու վրա: 

Տեսանյութեր

Լրահոս