
Փարիզում տեղատարափների հետևանքով կա 1 զոհ

Մեկ մարդ զոհվել, երկու երեխա վիրավորվել են Փարիզում ծառի ընկնելու հետևանքով, որտեղ հորդառատ անձրևների պատճառով վտանգավորության «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել: Այս մասին հաղորդում է Le Parisien պարբերականը՝ հղում անելով իրավապահներին։
Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի 19-րդ թաղամասում։«Ծառն ընկել է ճանապարհի անցանելի հատվածում, երբ այդտեղով անցնում էին տղամարդն ու երկու երեխաները:
Տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել և մահացել», – հայտնել են ոստիկանությունից:
Ականատեսների խոսքով՝ զոհվածի հետ եղել է երկու փոքրիկ աղջիկ, որոնց նա վերցրել էր դպրոցից։ Տուժած երեխաներին ցուցաբերվել է շտապ բուժօգնություն։
Ըստ France24 պարբերականի՝ հեղեղումները լուրջ վնասներ են հասցրել և հանգեցրել հոսանքազրկումների Ֆրանսիայի լեռնային հարավ-արևելյան շրջանում։
Météo France ազգային օդերևութաբանական ծառայությունը հեղեղումների պատճառով հոկտեմբերի 17-ին վտանգավորության ամենաբարձր` «կարմիր» մակարդակ էր հայտարարել Ֆրանսիայի վեց դեպարտամենտներում, սակայն հոկտեմբերի 18-ին վտանգավորության մակարդակն իջեցվել է «նարնջագույն»-ի։