
Մոդին կմասնակցի Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կժամանի Ռուսաստան՝ մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Վարչապետ պարոն Նարենդրա Մոդին ՌԴ նախագահ Նորին Գերազանցություն պարոն Վլադիմիր Պուտինի հրավերով 2024 թվականի հոկտեմբերի 22-ից 23-ը կայցելի Ռուսաստան՝ մասնակցելու Կազանում Ռուսաստանի նախագահությամբ կայանալիք ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովին», – ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության՝ հանդիպումը կդառնա կարևոր հարթակ առաջնորդների կողմից համաշխարհային առանցքային խնդիրների քննարկման համար։
«Սպասվում է, որ իր այցի ժամանակ վարչապետը նաև Կազանում կանցկացնի երկկողմ հանդիպումներ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների իր պաշտոնակիցների և հրավիրված ղեկավարների հետ», – հավելել է Հնդկաստանի ԱԳՆ-ն:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ևս կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
Ներկայում ԲՐԻԿՍ-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: