
Իսրայելը կշարունակի Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» համարել

Իսրայելը կշարունակի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» համարել և արգելել նրա մուտքը երկիր, քանի որ նա չի ողջունել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը:
Այս մասին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը X սոցիալական ցանցում:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը չի ողջունել ծայրահեղ ահաբեկիչ Յահյա Սինվարի վերացումը, ինչպես հոկտեմբերի 7-ի սպանդից հետո նա հրաժարվել էր ՀԱՄԱՍ-ը հայտարարել ահաբեկչական կազմակերպություն: Գուտերեշը գլխավորում է ծայրահեղական հակաիսրայելական և հակահրեական օրակարգը: Մենք կշարունակենք նրան համարել «պերսոնա նոն գրատա» և արգելել նրա մուտքն Իսրայել», – գրել է Կացը։
Հոկտեմբերի 17-ին Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես հայտարարել է, որ Սինվարը, որը համարվում էր Իսրայելի վրա 2023 թ. հոկտեմբերի 7-ի աննախադեպ հարձակման գլխավոր կազմակերպիչը, ոչնչացվել է Գազայի հատվածում Իսրայելի զինվորականների կողմից։
Հոկտեմբերի սկզբին Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր, քանի որ նա չէր դատապարտել Իրանի կողմից հոկտեմբերի 1-ին Իսրայելի դեմ իրականացված հրթիռային հարձակումը։