
Բունդեսթագը ևս 15 ամսով երկարաձգել է Իրաքում գերմանացի զինվորականների առաքելության մանդատը

Գերմանիայի խորհրդարանը ևս 15 ամսով երկարաձգել է գերմանացի զինվորականների տեղակայման մանդատը Իրաքում իրավիճակի կայունացման համար։ Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը։
Ըստ գործակալության տեղեկատվության՝ ներկա 539 պատգամավորների մեծամասնությունը քվեարկել է առաքելությունը շարունակելու օգտին, 93-ը՝ դեմ, 2-ը մնացել է ձեռնպահ։ Նոր մանդատը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։
Գերմանիայի զինված ուժերը՝ Բունդեսվերն, աջակցում է Իրաքին, ի թիվս այլ բաների, զինծառայողների պատրաստման հարցում և մտադիր է իր ներդրումն ունենալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերակազմավորման դեմ պայքարում։
Մանդատը նախատեսում է առաքելության անձնակազմի թվակազմի սահմանափակում մինչև 500: Գերմանիայի կառավարությունն Իրաքում առաքելություն է սկսել 2015 թվականին, երբ ԻՊ-ն վերահսկողության տակ վերցրեց Սիրիան և Իրաքի որոշ շրջաններ։ Բունդեսվերն իրականացնում է իրաքյան անվտանգության ուժերի, հիմնականում բարձրաստիճան զինվորականների պատրաստում ԻՊ-ի դեմ պայքարի համար:
Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին X սոցիալական հարթակում ողջունել է Բունդեսթագի որոշումը՝ նշելով, որ ԻՊ-ն շարունակում է սպառնալիք մնալ Իրաքի և տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։