Անձրևաջրերը լցվել են տներ. Փրկարար ծառայությունն ահազանգեր է ստացել
Եղանակային պայմաններից ելնելով՝ սույն թվականի հոկտեմբերի 17-ից 18-ը ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հանրապետության տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 17-ին ժամը 18։00-ից սկսած 2-ժամյա պարբերականությամբ Երևան քաղաքում, ՀՀ բոլոր մարզերում, գետերի ափամերձ հատվածներում և այլ վտանգավոր գոտիներում իրականացրել են դիտարկումներ։
Հորդառատ անձրևի հետևանքով ՆԳՆ փրկարար ծառայությունում գրանցվել է 5 դեպք։ Փրկարարական ծառայողները, օպերատիվորեն արձագանքելով ահազանագերին, իրականացրել են մի շարք անհրաժեշտ գործողություններ։
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 31 հասցեում տանիքի վերանորոգման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԵՓՎ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։
Շիրակի փողոցի թիվ 49 հասցեում գտնվող օժանդակ շինությունում ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻ կենտրոնի հերթապահ խումբն իրականացրել է ջրահեռացման աշխատանքներ, Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 26/13 հասցեի մոտակայքում փրկարարներն անձրևաջրերից կուտակված փոսից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենա։
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արարատի մարզի Գետափնյա բնակավայրում հրշեջ-փրկարարներն իրականացրել են բնակարանից և տների նկուղային հարկերից անձրևաջրերի հեռացման և այլ աշխատանքներ՝ նպատակ ունենալով նվազեցնել անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով առաջացած վնասները։