Փաշինյանի ելույթն ավելի բնորոշ է փորձագիտական, վերլուծական համայնքի որևէ ներկայացուցչի, քան պետության առաջին դեմքի ելույթի. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է.  «Հայաստանում անցկացվել է Խաղաղության խաչմերուկի թեմայով համաժողով, որին ներկա են եղել նաև ԵՄ դեսպանի, կարծես թե մի քանի այլ միջազգային դիվանագետներ, որոնք ծառայում են Հայաստանում:

Ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանն ու բավականին հանգամանալից, ու ըստ էության կարծես թե որոշակի աննախադեպ հանգամանալիությամբ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի ելույթն ավելի բնորոշ է այսպես ասած փորձագիտական, վերլուծական համայնքի որևէ ներկայացուցչի, քան պետության առաջին դեմքի ելույթի:

Սա զուտ ինքնանույնականացմա՞ն խնդիր է, թե՞ Փաշինյանը միանգամայն գիտակցված է ընտրել այդ տարբերակը, քանի որ Հայաստանը ստեղծված իրավիճակում այլևս ունի ոչ այնքան պետական սուբյեկտության գործառույթ, որքան ավելի շատ իրադարձությունների ընթացքին հետևելու և պարզապես «նժարի ծանրությունը» ճշգրիտ չափելու կամ քամու ուղղությունը ճիշտ որսալու խնդիր:

Ընդ որում, ինքնին այդ իմաստով համաժողովի անցկացման փաստն իսկ ուշադրության է արժանի: Շատ հետաքրքիր է, թե ի՞նչ ժամանակում է այն կազմակերպվել: Ենթադրաբար, զուտ դատելով վիզուալ պատկերից, լսարանի ծավալից և կազմից, միջոցառումը կազմակերպվել է թերևս բավականին արագ, մեծ հավանականությամբ՝ օրերի ընթացքում: Կրկնեմ, սա ենթադրությունս է, զուտ վիզուալ տպավորություն, որը բնականաբար կարող է լինել սխալ:

Բայց, այդուհանդերձ հանգամանքը, որ Հայաստանը փաստացի այս փուլում կազմակերպում է «Խաղաղության խաչմերուկի» զգալիորեն աննախադեպ մանրամասն «ստուգաբանությամբ» պրեզենտացիա՝ վարչապետի ելույթի մակարդակով, ընդ որում վարչապետի ելույթն էլ՝ ավելի շուտ փորձագիտականությանը բնորոշ տրամաբանությամբ, պահանջում է ուշադրություն:

Դարձյալ, տպավորություն է, որ Երևանն ինչ-որ զարգացումների սպասումով՝ պարզապես փորձում է իր այսպես ասած դիրքը ներկայացնել՝ «որ հետո չասեն» տրամաբանությամբ:

Դա անշուշտ չի նշանակում, թե այն, ինչ սպասվում է կամ կարող է սպասվել՝ որպես զարգացում, լինելու է անպայմանորեն: Բայց, համենայն դեպս երևանյան համաժողովի կամ այլ կերպ ասած՝ «թեմատիկ առումով զգալիորեն բացված բրոշյուրի» տրամաբանությամբ միջոցառման անցկացումը կարծես թե այն մասին է, որ Երևանը համենայն դեպս գոնե փորձում է ապահովել իր տեղեկատվական «թիկունքը»»:

Տեսանյութեր

Լրահոս