Եվրոպական խորհրդարանը Թբիլիսիի դեմ հերթական բանաձևն ընդունեց
«Ազատություն». Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ Եվրոպական խորհրդարանն այսօր Թբիլիսիի դեմ հերթական բանաձևն ընդունեց։
«Ժողովրդավարական հետընթացի և քաղաքական բազմակարծությանը սպառնացող վտանգների վերաբերյալ» վերնագրով փաստաթղթի հեղինակները Եվրամիությանը կոչ են անում ամբողջությամբ սառեցնել Վրաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսավորումը, քանի դեռ իշխանությունները չեն հրաժարվել հակաժողովրդավարական օրենքներից։
Եվրոպական խորհրդարանը հիշեցնում է, որ միայն այս տարի Վրաստանի իշխանություններն ընդունել են խիստ քննադատության արժանացած, բողոքի բազմամարդ ցույցեր հարուցած օրենքներ՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», որն, ըստ էության, ռուսական օտարերկրյա գործակալների օրենքի ոգով է և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, որն էլ սահմանափակում է սեռական փոքրամասնությունների իրավունքները։
Եվրոպացի օրենսդիրները պնդում են, որ Թբիլիսիի քաղաքականությունն ակնհայտ հակասում է եվրոպական հավակնություններին՝ փաստացի հետաձգելով Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը։
Հենց այսօր Վրաստանի Սահմանադրական դատարանը մերժեց պահանջը՝ կասեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքը՝ մինչև կքննի դրա սահմանադրականությունը։
Եվրոպական խորհրդարանը հիշեցնում է, որ Վրաստանի իշխանությունները ոչ միայն բողոքի ցույցերը, այլև Վենետիկի հանձնաժողովի որևէ հանձնարարական հաշվի չեն առել՝ մինչև վերջ առաջ մղելով քաղհասարակությանը ճնշող այս օրենքը։
Այսօր քննարկված բանաձևում շեշտվում է, որ նման օրենքներ ընդունելուն զուգահեռ Վրաստանում հարձակումների են ենթարկվում իրավապաշտպաններն ու անկախ լրատվամիջոցները, բռնի ճնշվում են խաղաղ հավաքները, խորանում է հասարակական լարվածությունն ու բևեռացումը։
Առանձին անդրադարձ կա ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխությանը. եվրոպացի օրենսդիրները քննադատում են ընտրական հանձնաժողովի ընտրության կարգը, խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնի և կին թեկնածուներին տրվող պարտադիր քվոտաների վերացումը, երբ չորս պատգամավորից գոնե մեկը պետք է իգական սեռի լիներ։