Բաժիններ՝

Ռամշտայնի ձևաչափով բարձր մակարդակի նիստը  հետաձգվել է՝ Բայդենի պլանների փոփոխության պատճառով

Երկրների ղեկավարների մակարդակով Ռամշտայնի ձևաչափով նիստը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 12-ին Գերմանիայում, անորոշ ժամանակով հետաձգվել է, հանդիպման նոր ժամկետը կորոշվի ավելի ուշ:

Այդ մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի աղբյուրների։

Ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Միլթոն» գերհզոր փոթորկի մոտենալու պատճառով հետաձգել է իր ուղևորությունը Եվրոպա, որի ընթացքում նա պետք է մասնակցեր նաև Ռամշտայնի ձևաչափով նիստին։

Բայդենի այցը Գերմանիա պետք է լիներ մոտ 40 տարվա ընթացքում ԱՄՆ ղեկավարի առաջին այցն այդ երկիր պետական ​​մակարդակով։ Ուկրաինայում հույս ունեին այս հանդիպմանը կրկին բարձրացնել Ռուսաստանի տարածքի թիրախների դեմ արևմտյան երկրների հեռահար զենքի կիրառման հարցը։ Ռամշտայնի ձևաչափով հանդիպումից առաջ նաև նախատեսվել էին առանձին բանակցություններ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների միջև՝ Կիևին ռազմական օգնություն ցույց տալու վերաբերյալ:    

Իր հերթին, Բրյուսելում դիվանագիտական աղբյուրներից մեկը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Ռամշտայնի ձևաչափով՝ Կիևին զենքի մատակարարումների հարցով շփման խմբի հաջորդ հանդիպումը, հավանաբար, կկայանա հոկտեմբերի 17-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում՝ դաշինքի կենտրոնակայանում։ Նա հաստատել է, որ հոկտեմբերի 12-ին Գերմանիայում կայանալիք բարձր մակարդակի հանդիպումը հետաձգվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պլանների փոփոխության պատճառով։    

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս