Պարտության հետ հաշտված, պարտությունն արդարացնող, պարտության մեջ կյանք տեսնող մարդկանց մեկնաբանությունները Սահմանադրության հետ որևէ կապ չունեն. ո՞ւմ է պատասխանում Տարոն Սիմոնյանը

ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Իրավունքի (այդ թվում՝ Սահմանադրության) մեկնաբանությունն իր վրա կրում է մեկնաբանող մարդու հոգեբանական առանձնահատկությունները մի պարզ պատճառով, որ մեկնաբանությունը մտավոր աշխատանք է, որտեղ գիտակցականի, իսկ հաճախ ենթա կամ անգիտակցականի դերն էական է:

Իսկ եթե մարդ տարիների ընթացքում չի կարողացել ապահովել իր գիտակցականի գերակայությունն ենթա կամ անգիտակցականի նկատմամբ այնպիսի երևույթների օգնությամբ, ինչպիսիք են՝ գիտությունը, մասնագիտական և ընդհանուր բարոյականությունը, առաքինությունը, հաղթանակը վախերի նկատմամբ, ինքնաճանաչումը, ինքնահաղթահարումը և այլն, ապա սպասել , որ այդ մարդու տված իրավունքի մեկնաբանությունն ազատ կլինի իրավունքի, կյանքի, պետության, ազգի ու այլ մարդկանց նկատմամբ սեփական վրեժից, միամտություն է:

Ուստի պարտության հետ հաշտված, պարտությունն արդարացնող, պարտության մեջ կյանք տեսնող և ռեսսենտիմենտի մեջ պարփակված մարդկանց միտքն ու գործը, առավել ևս՝ մեկնաբանություններն իրական իրավունքի (այդ թվում՝ Սահմանադրության) հետ որևէ կապ չունեն:

Հ.Գ. Ինչ եմ ուզում ասել՝

#սկզբիցպետքէսկսենք , մարդ-անհատի ձևավորումից»:

Ենթադրվում է, որ Տարոն Սիմոնյանի այս գրառումը պատասխան է Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանի՝ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերով Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցին, որում վերջինս մեկնաբանում էր հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ ՍԴ կայացրած որոշման առնչությամբ իր գրած հատուկ կարծիքը:

Տեսանյութեր

Լրահոս