Ճապոնիայում արձակել են խորհրդարանի ստորին պալատն՝ արտահերթ ընտրություններին ընդառաջ
Ճապոնիայի խորհրդարանի առանցքային ստորին պալատը պաշտոնապես արձակվել է երկրի նոր վարչապետ Սիգերու Իսիբայի որոշման համաձայն: ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ արձակման պաշտոնական ընթացակարգը տեղի է ունեցել պալատի նիստում:
«Ես կգործադրեմ բոլոր ջանքերս, որպեսզի մեր կողմնակիցները հաղթեն այս ընտրություններում», – հայտարարել է Իսիբան ստորին պալատի արձակումից առաջ, որի շուրջ նրա որոշումը քննադատության է արժանացել ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) /կողմից:
Հոկտեմբերի 27-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքներով մեծամասնություն հավաքած կուսակցությունը կորոշի վարչապետի թեկնածությունը։
Ընդդիմությունն Իսիբայից պահանջել է մինչև խորհրդարանի արձակումը բավականաչափ ժամանակ հատկացնել երկրի ներքին օրակարգի առավել հրատապ հարցերի քննարկման համար։ Իսիբան նաև խորհրդարանի արձակման մասին հայտարարել է մինչև հոկտեմբերի 1-ին վարչապետի պաշտոնը ստանձնելը, ինչն ընդդիմադիր կուսակցությունները համարում են սահմանադրության հավանական խախտում: Իսկ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներսում դժգոհությունը կապված է Իսիբայի որոշման հետ՝ ընտրություններում հրաժարվել այն պատգամավորներին աջակցելուց, որոնք նախկինում մերկացվել են ֆինանսական հաշվետվությունների հետ կապված խարդախությունների համար: Կուսակցության շատ անդամներ Իսիբայի գործողությունները համարել են դավաճանություն և կուսակիցների հաշվին ընտրողների մոտ լավ համբավ վաստակելու փորձ։
Ներկայում ԼԴԿ-ն խորհրդարանի ստորին պալատում ունի 465 մանդատներից 258-ը: Եվս 32-ը պատկանում է իշխող կոալիցիայի գծով նրա գործընկեր «Կոմեյտո» կուսակցությանը:
Ընդդիմադիր առաջատար Սահմանադրական դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ) ունի 99 մանդատ։ Kyodo-ի հարցումը, որն անցկացվել է ընտրություններից ավելի քան երեք շաբաթ առաջ, ցույց է տվել, որ ԼԴԿ-ին պաշտպանում է հարցվածների 38,4%-ը, իսկ ՍԴԿ-ին՝ 16,5%-ը: