Բաժիններ՝

Նեթանյահուն նախազգուշացրել է լիբանանցիներին այնպիսի ավերածությունների մասին, «ինչպիսիք մենք տեսնում ենք Գազայում»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լիբանանցիներին նախազգուշացրել է, որ նրանք կարող են գլորվել «երկարատև պատերազմի անդունդը», և որ Լիբանանում կարող են լինել այնպիսի ավերածություններ, ինչպիսիք Գազայի հատվածում։ CNN-ը հաղորդում է, որ այս մասին Նեթանյահուն հայտնել է Լիբանանի ժողովրդին հասցեագրված տեսաուղերձում։

«Դուք հնարավորություն ունեք փրկելու Լիբանանը, քանի դեռ այն չի հայտնվել երկարատև պատերազմի անդունդում, որը կբերի ավերածություններ և տառապանքներ, ինչպիսիք մենք տեսնում ենք Գազայում», – հայտարարել է Իսրայելի վարչապետը։

2023 թ. հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել, Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում։ Պաղեստինյան անկլավի մեծ մասն ավերվել է, առնվազն 41 900  մարդ զոհվել է, 1,9 միլիոն մարդ՝ Գազայի հատվածի բնակչության 90 %-ը, տեղահանվել է։ Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Իսրայելը «Հեզբոլլահ»-ի դեմ գործողությունները սկսել է՝ ի պատասխան խմբավորման կողմից վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելի հյուսիսային բնակավայրերի գնդակոծությունների։ 

CNN-ը նշում է, որ Իսրայելն իր դրոշն է բարձրացրել Լիբանանի հարավում գտնվող «Իրանի պարտեզ» կոչվող զբոսայգու ավերակներում, որ գտնվում է Մարուն ալ Ռաս սահմանամերձ գյուղի մերձակայքում։ Ըստ արբանյակային լուսանկարների՝ տվյալ տարածքում են գտնվում իսրայելական ռազմական մեքենաներ։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս