Սիրիան «բարբարոսական հանցագործություն» է անվանել Իսրայելի հարվածը Դամասկոսին, որը 7 մարդու կյանք է խլել
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն Իսրայելի զինված ուժերի հարվածը Դամասկոսի բնակելի շենքին անվանել է «բարբարոսական հանցագործություն» և կրկին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելին զսպելու համար:
«Սիրիայի Արաբական Հանրապետությունը վճռականորեն դատապարտում է այս բարբարոսական հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ, որն իրենից ներկայացնում է ցեղասպանության շարունակությունը, որ այս անհավատ համակարգի (խմբ.՝ նկատի ունի Իսրայելը) կողմից իրականացվում է պաղեստինցիների և լիբանանցիների նկատմամբ», – ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սիրիայի ԱԳՆ-ի Facebook-ի էջում։
Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին ընդգծել է հրեական պետությանը զսպելու «հրատապ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը»՝ նշելով, որ Իսրայելի գործողություններն «աղետալի հետևանքներ» կունենան տարածաշրջանի համար։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 8-ի երեկոյան Իսրայելը 3 հրթիռ է արձակել Դամասկոսի Մեզզա թաղամասի բնակելի շենքերից մեկի վրա, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը։ Զոհերի թվում կան կանայք և երեխաներ։Al Hadath հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ գնդակոծության ենթարկված շենքը գտնվում է Սիրիայում Իրանի դեսպանատնից 1 կիլոմետրից պակաս հեռավորության վրա։ Ըստ հեռուստաալիքի՝ իսրայելական հարվածի թիրախը եղել է «Հեզբոլլահ» կազմակերպության կողմնակիցներից մեկը: