Մատենադարանը տուն է դարձել ոչ միայն հայկական, այլև համամարդկային ժառանգության նմուշների համար․ Վասիլիս Մարագոս

Մշակութային ժառանգությունը մարդկության հիշողության մեջ պահելու և հաջորդ սերունդներին փոխանցելու գործում չափազանց արժեքավոր է ձեռագիր և տպագիր ժառանգության նշանակությունը։

Այդ կարծիքը հայտնեց ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիսի Մարագոսը Մատենադարանում մեկնարկած «Հիշողության կերպարանքները» 13-րդ միջազգային ամենամյա գիտագործնական եռօրյա սեմինարի ժամանակ ունեցած ելույթում։

«Այսօրվա սեմինարի դերը ոչ միայն նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու հարթակ է, այլև քննարկելու՝ թե ինչ անել հիմա, որպեսզի առավել գրավիչ դարձնենք ձեռագիր և տպագիր ժառանգության ոլորտը երիտասարդների, ինչպես նաև հետազոտողների և վերականգնողների հաջորդ սերնդի համար: Մատենադարանն աշխարհում այն ուրույն հաստատությունն է, որտեղ պահվում են ձեռագրերի հարուստ հավաքածուներ և կուռ փորձագիտական ներուժ։ Այն տուն է դարձել ոչ միայն հայկական, այլև համամարդկային ժառանգության նմուշների համար, քանի որ մշակույթն ու մշակութային ժառանգությունը մարդկության գանձերն են, որոնց սահմաններն ազգային պատկանելությունից անդին են»,- ասաց Մարագոսը:

ՀՀ-ում ԵՄ դեսպանը հավելեց, որ Եվրոպական միությունն իր «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերել Մատենադարանին և կշարունակի համագործակցել այս կարևոր կառույցի հետ՝ կարևորելով մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված կայուն ջանքերը, որի կենսական բաղադրիչն, անշուշտ, տպագիր ժառանգությունն է։ Մարագոսի հավաստմամբ՝ ԵՄ-ի համար պատիվ է որպես գործընկեր համագործակցել աշխարհի տարբեր անկյուններից ոլորտի առաջատար փորձագետներ համախմբող այս կարևոր սեմինարի հետ։

«Եվրոպական միությունն աջակցում է հայկական մշակույթին՝ խթանելով ԵՄ անդամ պետությունների հետ սերտ համագործակցությունն, այդ թվում՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի և այլ թիրախային ծրագրերի միջոցով։ Եվրոպական միության ներսում  և Հայաստանի հետ հարաբերություններում մենք միավորված ենք բազմազանության մեջ և ուրախ ենք առաջնահերթություն տալ մշակութային ոլորտում համագործակցությանը՝ որպես  սոցիալական և տնտեսական կյանքի կարևոր ուղղության, այդ թվում՝ ցուցաբերելով աջակցություն ստեղծագործական արդյունաբերության, մշակութային ժառանգության և մշակութային զբոսաշրջության ոլորտներին։ Գրավոր ժառանգությունն այս առումով եզակի է. ինչպես գիտենք «Սկզբումն էր խոսքը»: Մաղթում եմ բոլորիդ բեղմնավոր և արդյունավետ աշխատանք սեմինարում և թող հաջողությամբ պսակվեն գրավոր խոսքի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված ջանքերը»,- եզրափակեց Մարագոսը:

Մանվել Մարգարյան

Տեսանյութեր

Լրահոս