«Հեզբոլլահ»-ը հայտնել է Լիբանանում իսրայելական զորքերի հետ բախումների մասին
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Լիբանանի արևելյան և արևմտյան սահմանին Իսրայելի զորքերի հետ բախումների մասին։ Շարժումը պնդում է, որ հետ է մղել իսրայելական զորքերին արևելյան Բլիդա քաղաքի և արևմտյան Լաբունե բնակավայրի մոտ։
Այս մասին հաղորդում է BBC-ն։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) տվյալ բախումների մասին չի հայտնել, սակայն նշել է իր 3 զինվորականների վիրավորվելու մասին «հարավային Լիբանանում մարտերի ժամանակ»։
Հոկտեմբերի 8-ի ԻՊԲ-ն նաև հաղորդել էր Լիբանանի արևմուտք մտնելու մասին. մինչ այդ Իսրայելի ցամաքային գործողությունը կենտրոնացած էր Լիբանանի արևելքում։
Միևնույն ժամանակ Իսրայելը շարունակել է ավիահարվածներ հասցնել Բեյրութին։
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են մայրաքաղաքի Դահիեի արվարձանին հարվածների մասին. հենց այնտեղ է գտնվում «Հեզբոլլահ»-ի հենակետը։
Բեյրութի բնակիչները միևնույն ժամանակ նշել են, որ հարվածների ինտենսիվությունը նախորդ օրերի համեմատ նվազել է։Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Գործողության նպատակն, ըստ Իսրայելի, երկրի հյուսիսային շրջաններից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար պայմանների ստեղծումն է։
Լիբանանի իշխանությունները հոկտեմբերի 8-ին հայտնել են, որ վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական հարվածներից 36 մարդ է զոհվել, ավելի քան 150-ը՝ վիրավորվել։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վերջին երկու շաբաթում իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։