Բաժիններ՝

ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի իրավունքին՝ պաշտպանվելու «Հեզբոլլահ»-ի, ՀԱՄԱՍ-ի, հութիների և Իրանի դեմ. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման մեկ տարվա տարելիցի առթիվ՝ դատապարտելով հարձակումը և ճանաչելով ինքնապաշտպանվելու՝ Իսրայելի իրավունքը։ Այս  մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բայդենը շեշտել է, որ ինքը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը լիովին հանձնառու են Իսրայելի անվտանգությանը։

«Մենք աջակցում ենք Իսրայելի իրավունքին՝ պաշտպանվելու «Հեզբոլլահ»-ի, ՀԱՄԱՍ-ի, հութիների և Իրանի հարձակումներից։ Անցյալ շաբաթ իմ ցուցումով Միացյալ Նահանգների զինվորականները ևս մեկ անգամ ակտիվորեն աջակցեցին Իսրայելի հաջող պաշտպանությանը՝ օգնելով ջախջախել իրանական բալիստիկ հրթիռներով հարձակումը», – հայտարարել է Բայդենը։

Նա ներկայացրել է ՀԱՄԱՍ-ի հարձակման սարսափելի հետևանքներն Իսրայելի համար՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ դա շատ վատ հետևանքներ է ունեցել նաև պաղեստինցիների համար՝ լայնամասշտաբ հակամարտության մեկնարկ հանդիսանալով։ Մեկ տարի առաջ ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակման հետևանքով, ըստ իսրայելական կողմի, սպանվել է մոտ 1200 մարդ, շուրջ 250 մարդ գերեվարվել է, որոնց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ժամանակ։ 101 պատանդ դեռ մնում է ՀԱՄԱՍ-ի մոտ։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, հասել է գրեթե 42 000-ի, անկլավի 2,3 միլիոն բնակչության մեծ մասը տեղահանվել է։ 

Բրաունի համալսարանի «Պատերազմի գինը» նախագծի շրջանակներում հրապարակված զեկույցի համաձայն՝ Գազայի հատվածում պատերազմի մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն առնվազն 17,9 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Իսրայելին։ Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանն Իսրայելի վրա է արձակել ավելի քան 180 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասն, ըստ իսրայելական կողմի, խոցվել են։ Ըստ Թեհրանի՝ հարվածներ են հասցվել Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության շտաբին, «Նևաթիմ» ավիաբազային, որտեղ գտնվում են F-15 ինքնաթիռներ, ինչպես նաև «Հաթզերիմ» ռազմակայանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս