ԵՄ-ն մտադիր է Վրաստանի անդամակցության շուրջ աշխատանքները վերսկսել երկրում խորհրդարանական ընտրություններից հետո
Վրաստանում հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո կվերսկսվեն Եվրամիությանը Վրաստանի անդամակցության աշխատանքները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիում ԵՄ մշտական ներկայացուցիչ Պավել Գերչինսկին։
«Կարծում եմ և հուսով եմ, որ շատ շուտով մենք ընտրություններից հետո կվերսկսենք աշխատանքը Եվրամիությանը Վրաստանի անդամակցության ուղղությամբ և կլրացնենք բաց թողածը: Մենք պատրաստ ենք աշխատելու ցանկացած ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ, սակայն եթե այն խախտի այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, ցավոք, պետք է շատ անկեղծ ասեմ, որ Վրաստանը չի դառնա Եվրամիության անդամ, դա անհնար է», – Գերչինսկիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Դիվանագետի գնահատմամբ՝ այն բանից հետո, երբ 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանին տրամադրվեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, հանրապետության իշխանությունները ձեռնարկեցին, Բրյուսելի կարծիքով, բազմաթիվ սխալ քայլեր։
«Ձեր երկիրը, կառավարությունն ընդունել են շատ բարդ, վիճելի որոշումներ, որոնք փոխանակ Վրաստանը մոտեցնեն Եվրամիությանն անդամակցությանը՝ բնակչության 90 %-ի երազանքին, հեռացնում են նրան դրանից: Շատ-շատ որոշումներ, որոնք ընդունվել են Վրաստանի խորհրդարանի և կառավարության կողմից, հակասում են Եվրամիության հիմնական արժեքներին», – ընդգծել է Գերչինսկին։
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերություններն սկսել են էապես վատթարանալ այն բանից հետո, երբ մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անորոշ ժամանակով հետաձգել է «Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան զորավարժությունները։ Իր հերթին ԵՄ-ն սառեցրել է 30 մլն եվրոն, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Վրաստանի մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանվել են պատժամիջոցներ։