Թեոդոսիայում տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել նավթաբազայում հրդեհի պատճառով
Ղրիմի Թեոդոսիա քաղաքի նավթաբազայում բռնկված հրդեհի պատճառով մունիցիպալ բնույթի տեխնածին արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել։ Այս մասին Telegram-ում հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Իգոր Տկաչենկոն։
Նրա խոսքով՝ մարդկանց և տրանսպորտի մուտքն արտակարգ իրավիճակի վայր սահմանափակ է։Մեկ այլ գրառման մեջ Տկաչենկոն նշել է, որ Թեոդոսիա-Վլադիսլավովկա հատվածում մերձքաղաքային գնացքների երթևեկությունը դադարեցվել է տեխնիկական պատճառներով։
Ավտոմոբիլային ճանապարհների որոշակի հատվածներում երթևեկությունն իրականացվում է շրջանցմամբ։
Նավթաբազայում հրդեհը բռնկվել է հոկտեմբերի 7-ի առավոտյան։ Զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհի պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվել։ Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ հրդեհի պատճառ կարող էր դառնալ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածը։