ԻՊԲ-ն հայտարարել է Բեյրութում «Հեզբոլլահ»-ի թիրախներին հարվածներ հասցնելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բեյրութում գտնվող լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետախուզության կենտրոնակայանին: Այդ մասին նշված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
«ԻՊԲ-ի ռազմաօդային ուժերի կործանիչները հետախուզական տվյալների հիման վրա հարվածներ են հասցրել Բեյրութում «Հեզբոլլահ»-ի կենտրոնակայանին պատկանող ահաբեկչական օբյեկտների, այդ թվում՝ հետախուզական տվյալների հավաքման միջոցների, հրամանատարական կենտրոնների և ահաբեկչական ենթակառուցվածքի այլ օբյեկտների», – հայտնել է ԻՊԲ-ն Telegram ալիքում։
Գերատեսչությունում հավելել են, որ վերջին մի քանի ժամում երկրի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութի շրջանում գտնվող «Հեզբոլլահ»-ի զենքի պահեստներին։
«Հարվածներից հետո գրանցվել են երկրորդային պայթյուններ, ինչը վկայում է զենքի առկայության մասին», – հավելել է ԻՊԲ-ն։
Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել, այդ թվում՝ 127 երեխա։
Ավելի քան 1 միլիոն լիբանանցի տեղահանվել է։