Բաժիններ՝

Վրաստանի իշխող կուսակցությունը կվերսկսի երկրի նախագահի իմփիչմենթի ընթացակարգը

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է կրկին գործարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգը։

Այդ մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Խորհրդարանական մեծամասնությունը որոշում է ընդունել վերսկսել իմփիչմենթի ընթացակարգը», – նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Պապուաշվիլին հավելել է, որ պատգամավորները Սահմանադրական դատարան կդիմեն դեռ մինչև խորհրդարանական ընտրությունները։

Պապուաշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանք»-ն այս քայլին գնացել է Զուրաբիշվիլիի արտասահմանյան այցերի պատճառով, որոնք նա շարունակում է կատարել առանց վարչապետի համաձայնության։

Խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ թեև Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարի, սակայն կարևոր է, որ նա դառնա ոչ թե նախկին նախագահ, այլ հեռացվի իմփիչմենթի միջոցով։

Միևնույն ժամանակ նա վստահություն է հայտնել, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքներով «Վրացական երազանք»-ը սահմանադրական մեծամասնություն կստանա և նորընտիր խորհրդարանի առաջին իսկ նիստին ավարտին կհասցնի նախագահի իմփիչմենթի ընթացակարգը։

Զուրաբիշվիլիի և իշխող կուսակցության միջև տարաձայնությունների պատճառ են դարձել կառավարության հետ չհամաձայնեցված արտասահմանյան այցերը։

Անցյալ տարի «Վրացական երազանք»-ը հայց ներկայացրեց Սահմանադրական դատարան՝ պահանջելով նախագահի իմփիչմենթը, իսկ հոկտեմբերին դատարանը որոշեց, որ Զուրաբիշվիլին խախտել է օրենքը, սակայն իմփիչմենթ չկայացավ խորհրդարանում ձայների անբավարարության պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս