Կրծքագեղձի քաղցկեղի կլինիկական ախտանշաններից են շոշափվող գոյացություն, կարմրություն կրծքագեղձում, մաշկի փոփոխություն. բժիշկ
Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս, որի շրջանակում աշխարհի առողջապահական կազմակերպությունները իրազեկման լայնածավալ միջոցառումներ են իրականացնում՝ փորձելով ավելի շատ մարդկանց տեղեկացնել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ու կանխարգելման կարևորության մասին։
Քաղցկեղի այս տեսակն առավել տարածված տարատեսակներից է, որ ամեն տարի շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր։ Բժշկությունն այսօր այս ոլորտում ունի բավական մեծ առաջընթաց և բուժելիության բարձր ցուցանիշ, որը հնարավոր է միայն վաղ հայտնաբերման շնորհիվ։
Ամենամեծ խնդիրն այն է, որ շատ հաճախ կանայք բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Հիվանդությունը սկզբնական փուլում կարող է ընդհանրապես չդրսևորվել, ինչի համար մասնագետները խորհուրդ են տալիս կանխարգելման նպատակով պարբերաբար հետազոտվել։ Անցավ, ոչ բարդ և երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը և փրկել կյանքեր։
Իրազեկման ամսվա շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում «Նաիրի» բժշկական կենտրոնի կրծքագեղձի ռադիոլոգ Հարութ Շաբուրյանի հետ անդրադարձել ենք կրծքագեղձի քաղցկեղին, հիվանդության կլինիկական նշաններին, առաջացման հիմնական պատճառներին, առկա միֆերին և հիվանդության կանխարգելման աշխատանքներին:
Մասնագետն ընդգծեց, որ հիվանդությունը որևէ տարիքային սահմանափակում չունի և ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում է մեծ թվով մահեր։
Նա նշեց՝ կրծքագեղձի քաղցկեղի կլինիկական ախտանշաններից են շոշափվող գոյացություն, կարմրություն կրծքագեղձում, մաշկի փոփոխություն։
«Կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է նաև պարբերաբար ենթարկվել բժշկական զննման։ Սքրինինգային հետազոտությունները պետք է սկսել 40 տարեկանից, իսկ ընտանեկան նախատրամադրվածության դեպքում` սկսած 35 տարեկանից, տարին գոնե մեկ անգամ։ Սքրինինգային հետազոտություն են համարվում մամոգրաֆիան և ՄՌՏ հետազոտությունները»,-նշեց բժիշկը։
Նրա խոսքով՝ սա լավագույն տարբերակն է հիվանդությունը վաղ հայտնաբերելու և կանխելու հետագա բարդացումը։Հիվանդությունը կանխարգելելու նպատակով մասնագետը խորհուրդ տվեց խուսափել ավելորդ քաշից՝ նվազեցնելով հատկապես բարձր կալորիականությամբ սննդամթերքի ընդունումը և պահպանել մարմնի նորմալ քաշը և վարել ֆիզիկական ակտիվ կյանք, ինչպես նաև հրաժարվել ծխելուց և չչարաշահել ոգելից խմիչքների օգտագործումը։ Ծխելը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: