«Հեզբոլլահ»-ի հրթիռային հարվածից Իսրայելում 10 մարդ է վիրավորվել
Գիշերը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի հրթիռակոծության հետևանքով առնվազն 10 մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։
Իսրայելի պաշտոնատար անձանց խոսքով՝ հրթիռային հարվածները հասցվել են Հայֆայում և Ստորին Գալիլիայում: Վիրավորները հոսպիտալացվել են։
CNN-ն իր հերթին նշում է, որ Հայֆայում գնդակոծության հետևանքով տուժել է վեց մարդ։ Քաղաքային հիվանդանոցից հեռուստաալիքին հայտնել են, որ տուժածների մեծ մասի վնասվածքները թեթև են։Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները և ռումբերի վնասազերծման մասնագետներն ակտիվորեն աշխատում են Հայֆայում և Ստորին Գալիլիայում: Բեկորներ և կոտորակառումբեր են հայտնաբերվել երկու հիմնական շրջաններում: Մի քանի շենքեր վնասվել են:
Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ը հայտարարել էր, որ հրթիռներ է արձակել Հայֆայից հարավ գտնվող իսրայելական «Կարմել» ռազմաբազայի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ քաղաքի ուղղությամբ արձակվել է 5 արկ. դրանց մի մասն է միայն հաջողվել կալանել։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հոկտեմբերի 6-ին հաղորդել էր, որ մեկ օրվա ընթացքում ավելի քան 120 արկ է արձակվել Լիբանանից դեպի Իսրայել։ Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել, այդ թվում՝ 127 երեխա։ Ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է։