
Քանի դեռ ես Սլովակիայի վարչապետն եմ, Ուկրաինան չի մտնի ՆԱՏՕ. Ռոբերտ Ֆիցո

Սլովակիայի վարչապետ, Smer-SD կուսակցության ղեկավար Ռոբերտ Ֆիցոն վստահեցրել է, որ իր կուսակցության պատգամավորները խորհրդարանում չեն աջակցելու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ Այս մասին նա հայտարարել է STVR-ի եթերում։
«Քանի դեռ ես Սլովակիայի կառավարության ղեկավարն եմ… Ես կուղղորդեմ իմ քաղաքական վերահսկողության տակ գտնվող խորհրդարանի պատգամավորներին, որպեսզի նրանք երբեք չհամաձայնվեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը»,- ասել է նա։
Ֆիցոյի խոսքով՝ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կնշանակի Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։
Ֆիցոն նաև նշել է, որ ուկրաինական հակամարտությունը դեռ չի ավարտվել, քանի որ արևմտյան երկրները շարունակում են օգնել Կիևին։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սլավոնական ժողովրդի ներկայացուցիչներն այժմ Ուկրաինայում կռվում են միմյանց դեմ։ Ընդ որում, եվրոպական պետությունները «զգալիորեն աջակցում են» դրան, ինչը Սլովակիայի կառավարության ղեկավարն անկարող է հասկանալ։ Նա վստահություն է հայտնել, որ ռազմական ճանապարհով անհնար է հրադադարի հասնել։