Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը
Վատիկանում հոկտեմբերի 2-ին Ֆրանկիսկոս քահանայապետի նախագահությամբ բացվել է Եպիսկոպոսների Սինոդի 16-րդ հերթական ընդհանուր ժողովը, որը կտևի մինչև հոկտեմբերի 26-ը։
Ինչպես տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունից, այս պատմական ժողովը, որը հայտնի է որպես «Ժողովականության սինոդ», հավաքել է շուրջ 400 մասնակիցների՝ եպիսկոպոսներ, տարբեր եկեղեցականներ, այդ թվում՝ քահանաներ, և աշխարհականներ, որպեսզի քննարկեն, թե ինչպես կարող է եկեղեցին դառնալ ավելի ներածական և մասնակցային իր առաքելության և կառավարման հարցերում։
Սինոդը նպատակ ունի ուսումնասիրել, թե ինչպես կարող է Կաթոլիկ եկեղեցին ավելի ամբողջական կերպով մարմնավորել ժողովականության (սինոդականության)՝ «միասին քայլելու» ոգին՝ խթանելով խոր փոխգործակցությունը նրա բոլոր անդամների միջև։
Հռոմի Պապ Ֆրանկիսկոսը կարևորել է եկեղեցականների կողքին՝ աշխարհականների և լուսանցքային սոցիալական խմբերի ձայնը լսելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է, որ այս գործընթացի նպատակն է ոչ թե անհատական օրակարգերը առաջ մղելը, այլ՝ համատեղ որոշելը, թե ինչպես իր առաքելության շրջանակներում Եկեղեցին կարող է լավագույնս ծառայել աշխարհին։
Ըստ Ֆրանկիսկոս Քահանայապետի տեսլականի՝ սինոդալ Եկեղեցու համար անհրաժեշտ է եպիսկոպոսների և աշխարհականների միջև առավել մեծ համագործակցություն, հիմք ընդունելով Վատիկանի Բ Ժողովի ուսմունքները և արձագանքելով ժամանակակից մարտահրավերներին.
«Այս սինոդում աշխարհական ներկայացուցիչների, հատկապես կանանց, մասնակցությունը կարևոր քայլ է առաջ, որը նպաստում է Եկեղեցու ներսում ավելի ներառական որոշումների կայացմանը:
Սինոդի աշխատանքային օրակարգի հիմնահարցերն են՝ հզորացնել աշխարականների դերը Եկեղեցու կառավարման և որոշումների կայացման գործընթացում, առերեսվել կղերապաշտությանը՝ խթանելով առաջնորդության ավելի խոնարհ և ծառայությանը նվիրված տիպարը, կանանց դերը Եկեղեցում, կենտրոնանալով նրանց առաջնորդական դերի ընդլայնման վրա, միսիոներական հանձնառությունը՝ քննարկելով, թե ինչպես Եկեղեցին կարող է առավել աջակցել լուսանցքային գոտում գտնվող համայնքներին և դառնալ ձայն արդարության և հաշտության, Սինոդը միայն խորհրդածության պահ չէ, այլ նպատակ ունի հարթել կոնկրետ քայլեր դեպի ավելի ներառական, սինոդալ և իր առաքելությամբ ուղղորդվող Եկեղեցի:
Աղբյուրը հայտնում է. «Հատկանշական է, որ այս սինոդին մասնակցում են նաև փոքր թվով տարբեր քրիստոնեական հարանվանությունների ներկայացուցիչները, ինչը կարևորում է նրա էկումենիկ բնույթը: Նրանց շարքում է Սուրբ Աթոռում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ով մասնակցում է նիստերին որպես «Եղբայրական պատգամավոր» Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Նրա ներկայությունը վկայում է էկումենիկ համագործակցության եղբայրական ոգու մասին, ընդգծելով քրիստոնեական համայնքների միջև միասնականության և փոխգործակցության կարևորությունը՝ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար:
Սինոդի ժողովի բացման նստաշրջանի ընթացքում Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հնարավորություն է ունեցել Ֆրանկիսկոս Քահանայապետի փոխանցել Գարեգին Բ Վեհափառի ողջույններն ու լավագույն մաղթանքները»:Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունից նշւոմ են՝ ակնհայտ է, որ մոտ մեկ ամիս շարունակվող Սինոդը կենսարար գործընթաց է Եկեղեցու նորոգման ճանապարհին:
Այս ժողովի քննարկումները և անդրադարձները ձևավորելու են Եկեղեցու կառավարման, հովվական առաջնահերթությունների և միսիոներական հանձնառության ապագան: Սինոդի ավարտից հետո սպասվող վերջնական զեկույցը կուղորդի Եկեղեցուն՝ փորձելով իրականացնել ավելի սինոդալ կառավարման և ներգրավվածության ձևեր բոլոր մակարդակներում:
Սինոդի աշխատանքները, որոնք կշարունակվեն նաև 2025 թվականին, նպատակ ունեն բերելու տևական ներդրումներ Եկեղեցու առաքելության մեջ՝ խթանելով միասնությունը, մասնակցությունը և ավետարանումը գնալով ավելի բարդ և բաժանված աշխարհում: