Քրիստինա Քվինը պարգևներ է հանձնել հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման հարցում ակնառու ներդրում ունեցած 5 շրջանավարտի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պարգևներ հանձնեց ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի 5 շրջանավարտի, որոնք աչքի են ընկել հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման հարցում իրենց ունեցած ակնառու ներդրմամբ։ ԱՄՆ դեսպանությունը և «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները» նախատեսում են շրջանավարտների մեծարման այս նախաձեռնությունն ավանդույթ դարձնել և ամեն տարի պարգևներ շնորհել ակնառու ձեռքբերումներ ունեցած շրջանավարտներին։ ԱՄՆ-ում մասնագիտական, կրթական և մշակութային փոխանակման ծրագրերի մասնակցած շրջանավարտների թիվը Հայաստանում գերազանցում է 5․000-ը։

«Այսօր հպարտությամբ նշում ենք ԱՄՆ փոխանակման ծրագրերի տաղանդաշատ հայ շրջանավարտների ձեռքբերումներն ու նվաճումները։ Նրանք առանցքային դեր ունեն իրենց համայնքների բարելավման ու մեր երկու երկրների միջև կապերի ու փոխադարձ ընբռնման մեծացման հարցում։ Նրանց նվիրվածության ու ջանքերի շնորհիվ հայ-ամերիկյան հարաբերություններն օրեցօր ավելի ու ավելի են ամրապնդվում, և մենք միասին առաջ ենք շարժվում դեպի առավել պայծառ ապագա», – ասաց դեսպան Քվինը։

«Պատվավոր շրջանավարտ» պարգևը ԱՄՆ դեսպանության և «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների» կողմից շնորհվող բարձրագույն պարգևն է, որը տրվում է հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման հարցում երկարամյա ներդրում ունեցած շրջանավարտներին, որոնք նաև մեծ վաստակ ունեն իրեն մասնագիտական գործունեության ասպարեզում և բարեսիրական աշխատանքներում։ Առաջին անգամ այս պարգևին արժանանում են․

Սոնա Նահապետյանը, Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագրի շրջանավարտ և

Արսեն Գասպարյանը, ԱՄՆ Անտառային ծառայության փոխանակման ծրագրի շրջանավարտ։

«Երիտասարդ առաջնորդ» պարգևը շնորհվում է վերջին 10-ը տարվա ընթացքում ամերիկյան փոխանակման ծրագրերի մասնակցած այն շրջանավարտներին, որոնք նշանակալի ներդրում են ունեցել իրենց համայնքում և ի ցույց են դրել առաջնորդելու և համայնքին շարունակաբար ծառայելու իրենց ներուժը։ Այս տարի «Երիտասարդ առաջնորդ» պարգևին են արժանանում․

Էմանուել Ղանդիլյանը, «Տրանսատլանտյան երիտասարդ նորարար առաջնորդների նախաձեռնություն» (YTILI) ծրագրի շրջանավարտ,

Սյուզաննա Ավետիսյանը, Միջազգային առաջնորդ-այցելուների (IVLP) ծրագրի շրջանավարտ և

Ավետիս Հարությունյանը, Միջազգային գրական ծրագրի (IWP) շրջանավարտ։

Տեսանյութեր

Լրահոս