Փարիզ-2024. Վարսենիկ Մանուչարյանը և Էլմիրա Կարապետյանը «Հայաստանի տանը» հանդիպեցին հայ երկրպագուներին
Հայաստանի օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներ Վարսենիկ Մանուչարյանը և Էլմիրա Կարապետյանը «Հայաստանի տանը» հանդիպեցին երկրպագուների և հայ համայնքի ներկայացուցիչները հետ` կիսվելով Խաղերից ստացած իրենց տպավորություններով:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով` առաջին հանդիպմանը մասնակցում են Վարսենիկ Մանուչարյանը և Էլմիրա Կարապետյանը, քանի որ նրանք արդեն իսկ ավարտել են ելույթները Փարիզ-2024-ում:
«Ինձ մոտ վառ տպավորություններ չկան Օլիմպիական խաղերից: Հրաձիգներն այլ քաղաքում էին, և այնտեղ ամեն ինչ մռայլ էր: Ինչ վերաբերում է իմ գրանցած արդյունքին, ապա համաշխարհային մակարդակով իմ արդյունքը ցածր չի»,-ասաց Էլմիրա Կարապետյանը:
Հայաստանի լողի հավաքականի անդամ Վարսենիկ Մանուչարյանն, ով Օլիմպիական խաղերում թարմացրեց Հայաստանի ռեկորդը, դրական տպավորություններ ունի թե՛ խաղերից, թե՛ օլիմպիական ավանից:
«Այս խաղերում, օրինակ, նույնիսկ լողում նախորդ օլիմպիական չեմպիոնները եզրափակիչ դուրս չեն եկել: Այս Օլիմպիական խաղերն ուրիշ են»,-ասաց նա:
Հանդիպմանը ներկա էր Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Հասմիկ Տոլմաջյանը: Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ ձևում որակավորման փուլում 9-րդն էր, նրան մեկ միավոր չէր հերիքել եզրափակիչ դուրս գալու համար: Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը ընդհանուր հաշվարկում 26-րդն էր:
Վարվառա Հայրապետյան