Ինչո՞ւ Մոլդովայից արտաքսեցին հայ բլոգեր Միքայել Բադալյանին. մեկնաբանում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը
«Եվրասիա» ՀԿ խորհրդի անդամ Միքայել Բադալյանի՝ Մոլդովա մուտքի արգելքն ունի մտացածին քաղաքական դրդապատճառներ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը:
Ինչպես նշել է ռուս դիվանագետը, Մոսկվայում մեծ հետաքրքրությամբ են հետևում «Եվրասիա» կազմակերպության հովանու ներքո անցկացվող ծավալուն միջոցառումներին:
Նաստասինի խոսքով՝ գնահատելի է, որ դրանց մասնակցում են մեծ թվով երիտասարդներ եվրասիական երկրներից։ Նման նախաձեռնությունները, որոնք տալիս են սոցիալական լիցք և ունեն միավորող ներուժ, կարելի է միայն ողջունել, կարծում է նա։
«Հազիվ թե որևէ բանով, բացի մտացածին քաղաքական դրդապատճառներից, կարելի է արգելել «Եվրասիա»-ի ակտիվիստների, այդ թվում՝ կազմակերպության խորհրդի անդամ Միքայել Բադալյանի մուտքը Մոլդովա։ Քիշնևի իշխանություններն անդադար և անմտորեն հետևում են Վաշինգտոնի և Բրյուսելի քաղաքականությանը, որոնք շահագրգռված են եվրասիական տարածքում ձևավորված կապերի խզմամբ»,-ասել է Նաստասինը։
Միջանձնային շփումների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները քաղաքականացնելու նման ձգտումները, ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, միայն ափսոսանք են առաջացնում։
«Համոզված ենք, որ նման գործողություններով անհնար է զսպել Եվրասիայի երկրների երիտասարդության բարեկամության ամրապնդման ակտիվիստների ջանքերը»,-ասել է Նաստասինը: