Բաժիններ՝

Անգլիայում 39 ոստիկան է վիրավորվել զանգվածային դանակահարության հետ կապված անկարգությունների ժամանակ

Անգլիայի Սաութփորթ քաղաքում զանգվածային դանակահարության զոհերի հիշատակի արարողությանը զուգահեռ անկարգություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով 39 ոստիկան է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Անկարգությունները տեղի են ունեցել հիշատակի արարողության վայրից մի քանի փողոց հեռավորության վրա գտնվող մզկիթի մոտ։ Ցուցարարներն աղյուսներ են նետել մզկիթի վրա, մեքենաներ և աղբարկղեր են այրել, վնաս են հասցրել տեղի հանրախանութներից մեկին։ 

Ըստ շտապօգնության ծառայության՝ 27 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց, 12-ը բուժօգնություն են ստացել տեղում։ Անկարգությունների պատճառով Սաութփորթի տվյալ հատվածում 24-ժամյա հատուկ ռեժիմ է մտցվել, որն իրավապահներին իրավունք է տալիս կանգնեցնել և խուզարկել մարդկանց։ Մերսիսայդ կոմսության ոստիկանությունը նաև հայտնել է, որ Սաութփորթում ոստիկանության լրացուցիչ ուժեր կտեղակայվեն։ 

Սաութփորթում հուլիսի 29-ին երեխաների պարի միջոցառման ժամանակ տեղի ունեցած զանգվածային դանակահարության հետևանքով զոհվել է 3 աղջիկ՝ 6, 7 և 9 տարեկան։ Վիրավորվել է 5 երեխա և 2 չափահաս, որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 17-ամյա կասկածյալը, որը ծնվել է Քարդիֆում, ձերբակալված է: Տեղեկություններ էին տարածվել, թե երիտասարդը մուսուլման է։ Սակայն ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալի անձի շուրջ ենթադրությունները ոմանք օգտագործում են փողոցներում անկարգություններ անելու համար։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նույնպես այցելել է Սաութփորթ և ծաղիկներ դրել հուլիսի 29-ին տեղի ունեցած հարձակման զոհերի հիշատակին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս