«Կարծում ենք` այս փուլում, քանի դեռ չենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, սահմանի բացումը կարող է սխալ ազդանշան ուղարկել Հայաստանին». վերլուծաբանի տեսակետ
«Ամերիկայի ձայն». Վերլուծաբանների կարծիքով, Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի վերաբացումը Բաքվում դիտարկվում է որպես կարևոր լծակ Երևանի նկատմամբ:
«Մենք կարծում ենք` այս փուլում, քանի դեռ չենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, [սահմանի բացումը] կարող է սխալ ազդանշան ուղարկել Հայաստանին, որ մեզ պետք չէ համաձայնության գալ հիմնական հարցերի՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ»,- ասում է Բաքվում գործող Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը (լուսանկարում):
Գաղտնիք չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սերտ կապեր ունի ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և Էրդողանը բացառում է Հայաստանի հետ սահմանի վերաբացումը մինչև Բաքվի պահանջները չկատարվեն։ Հանրահայտ է, որ թուրքական աջակցությունն օգնեց Ադրբեջանին հաղթել հայկական ուժերին 2020 թվականի պատերազմում, և չնայած նման աջակցությանը, որոշ վերլուծաբաններ պնդում են, թե Բաքուն է թելադրում Թուրքիայի քաղաքականությունը:
«Ադրբեջանի այսօրվա հաջողությունների հիմքում ընկած է մեծամասամբ Թուրքիայի ռազմական, հետախուզական օգնությունը: Տարակուսանք է առաջացնում, որ Թուրքիան Ադրբեջանի վետոյի պատճառով չի կարող բացել Հայաստանի հետ սահմանները, ինչի կարիքն ու ցանկությունը Հայաստանն ունի, և սա այն դեպքում եթե, իրոք, Ադրբեջանը, այս կամ այն պատճառով կրկին շրջվում է դեպի Ռուսաստան»,- ասում է Քադիր Հաս համալսարանի վերլուծաբան Սոլի Օզելը։
Նշենք, որ, օրինակ, ադրբեջանական SOCAR էներգետիկ ընկերությունը Թուրքիայում ամենամեծ օտարերկրյա ներդրողն է, ինչը Բաքվին հզոր լծակ է տալիս Անկարայի հետ հարաբերություններում, և դիտորդների խոսքով, հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցը, հավանաբար, կախված է Ադրբեջանի ղեկավարության ցանկություններից: