
Թրամփը հայտարարել է, որ նախագահի ընտրություններում Հարիսի հաղթանակը հղի է Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքով

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի գնահատմամբ՝ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության առաջադրած Կամալա Հարիսի հաղթանակի դեպքում աշխարհը կբախվի երրորդ աշխարհամարտի ծագման վտանգին: Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը:
«Տեսնենք, թե ինչպես կստացվի: Բայց, եթե ստացվի ու մենք հաղթենք՝ դա շատ պարզ կլինի: Ամեն ինչ կստացվի և շատ արագ»,- հայտարարել է Թրամփը Ֆլորիդայի իր կալվածքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ:
ԱՄՆ-ի նախկին նախագահի դիտարկմամբ՝ կանխարգելիչ քայլեր չձեռնարկելու դեպքում Մերձավոր Արևելքում խոշոր պատերազմներ կսկսվեն:
«Այժմ առավել քան երբևէ մոտ ենք Երրորդ համաշխարհային պատերազմին: Երբեք այդքան մոտ չենք եղել, քանի որ երկիրը կառավարում են ոչ կոմպետենտ մարդիկ»,- նշել է Թրամփը:
Նրա կարծիքով՝ Հարիսը Նեթանյահուի հետ հանդիպումից հետո անհարգալից հայտարարություններն է կատարել Իսրայելի հասցեին՝ նշելով, որ չի լռելու Գազայում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ և Իսրայելի վարչապետին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները:
Իսրայելում կարծում են, որ Հարրիսի հայտարարությունները կարող են բացասաբար անդրադառնալ պատանդներին ազատելու և զինադադար հաստատելու շուրջ «Համաս»-ի հետ բանակցությունների ընթացքին: