
Հնդկաստանը հայտարարել է, որ պատրաստ է նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

Նյու Դելին պատրաստ է ամեն կերպ նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Լաոսում Արևելյան Ասիայի գագաթնաժողովի նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։
«Ուկրաինայի հակամարտության հարցում երկխոսությունն ու դիվանագիտությունը շարունակում են կարևոր մնալ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վերջերս հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Հնդկաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել հարցի կարգավորմանը»,- X հարթակում գրել է նախարարը:
Ավելի վաղ WION լրատվական ալիքը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր Մոդիի՝ Ուկրաինա կատարելիք այցի մասին, որը հնարավոր է՝ տեղի ունենա օգոստոսի երրորդ շաբաթում, ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 23-ին։
Հեռուստաալիքը նշել էր, որ Զելենսկին ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Մոդիի հետ և հրավիրել Հնդկաստանի առաջնորդին այցելել իր երկիր, ինչից հետո նրանք հանդիպել են Իտալիայում Յոթնյակի խմբի գագաթնաժողովի շրջանակում։