Բաժիններ՝

ԵՄ-ն ռազմական ծախսերն ավելացրել է 30 %-ով վերջին երեք տարում. Բորել

Եվրամիությունը երեք տարում ավելացրել է ռազմական ծախսերն ավելի քան 30 %-ով և գրեթե հասել է ՆԱՏՕ-ի նպատակին, այն է՝ ռազմական ծախսերին տրամադրել ՀՆԱ-ի 2 %-ը։ Այս մասին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ուրախ եմ այստեղ՝ Վաշինգտոնում ասել, որ եվրոպացիներս սկսել ենք վերակառուցել մեր պաշտպանական կարողությունները՝ ավելացնելով մեր պաշտպանական բյուջեները և ընդլայնելով մեր պաշտպանական արդյունաբերությունը…. Որպես օրինակ բերեմ մեկ թիվ՝ վերջին երեք տարիների ընթացքում ԵՄ-ի ընդհանուր ռազմական ծախսերն ավելացել են ավելի քան 30 %-ով: Այս տարի բոլորս միասին կհասնենք միջինը գրեթե ՀՆԱ-ի 2 %-ի, 1,9 %-ի։ Դա բավարար չէ, բայց շատ ավելի լավ է և աճում է», – ասել է Բորելը:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ ԵՄ երկրները պետք է բարելավեն իրենց բանակների հնարավորությունները, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց։

«Ոչ որպես ՆԱՏՕ-ին այլընտրանք․ Եվրոպայի տարածքային պաշտպանության հարցում ՆԱՏՕ-ին այլընտրանք չի կարող լինել, այլ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ դարձնելու և բեռը կիսելու համար», – ասել է Բորելը:

Վաշինգտոնում հուլիսի 9-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովը։ Եռօրյա գագաթնաժողովին մասնակցում են բոլոր 32 անդամ երկրների պատվիրակությունները, ինչպես նաև Ավստրալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան և Ուկրաինան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս