Բաժիններ՝

Հայտնի է Իրանի ընտրված նախագահի երդմնակալության արարողության օրը

Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին Մեջլիսի (խորհրդարանի) շենքում։ Այս մասին ISNA գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոջթաբա Յուսեֆին։

«Ըստ ծրագրի՝ 14-րդ նախագահի պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությունը տեղի կունենա մորդադի 9-ին (խմբ․՝ Գրիգորյան տոմարով համապատասխանում է հուլիսի 30-ին)», – ասել է Յուսեֆին։

Նրա խոսքով՝ երդմնակալությունից առաջ պետք է տեղի ունենա Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից ընտրված նախագահի հաստատման մասին հրամանագրի ստորագրման արարողություն։

Ինչպես նշել է Մեջլիսի նախագահության անդամը, ըստ օրենքի՝ երդմնակալության արարողությունը տեղի է ունենում Գերագույն դատարանի նախագահի, դատական ​​իշխանության ղեկավարի, Սահմանադրության պահապանների խորհրդի անդամների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների և զինծառայողների ներկայությամբ Իրանի խորհրդարանի շենքում, որի ընթացքում ընտրված նախագահը երդում է տալիս և երդվում արժանավայել կերպով կատարել իր պարտականությունները։

Հուլիսի 5-ին Իրանում տեղի ունեցավ արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որը նշանակված էր ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի զոհվելուց հետո։ Ընտրությունների արդյունքներով ձայների 53,6 %-ով հաղթանակ է տարել առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս