Բաժիններ՝

Գերմանիան վերանայում է հարաբերությունները Վրաստանի հետ. դեսպան

Գերմանիան վերանայում է հարաբերությունները Վրաստանի հետ, իսկ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը դադարեցված է, հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

«ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը դադարեցված է, և դա շատ ցավալի է… Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա մենք նույնպես վերանայում ենք հարաբերությունները Վրաստանի հետ: Ինչպես գիտեք, մենք ունենք շատ լայն և խորը հարաբերություններ», – լրագրողներին հայտնել է Ֆիշերը։

Ինչպես նշել է դիվանագետը, ԱՄՆ-ի հետ միասին Գերմանիան Վրաստանի զարգացման նպատակով այդ երկրի հետ համագործակցության խոշորագույն դոնորներից մեկն է։

«Մենք որոշել ենք նոր պարտավորություններ չստանձնել Վրաստանի հանդեպ», – հայտարարել է դեսպանը։

Բացի այդ, դիվանագետի տեղեկատվությամբ, Գերմանիայի զինված ուժերը չեղարկել են մասնակցությունն «Արժանի գործընկեր 2024» (Noble Partner) զորավարժություններին։ Միացյալ Նահանգները զորավարժություններն անորոշ ժամանակով հետաձգելու մասին հայտարարել է հուլիսի սկզբին։

«Մենք չեղարկել ենք իրավական հարցերով մեծ համաժողովը, որը տեղի է ունեցել անցյալ տարի Թբիլիսիում և պետք է տեղի ունենար այս ամառ Բեռլինում: Մենք դիտարկում ենք հետագա գործողությունները», – հավելել է Ֆիշերը:

Արևմուտքը խստորեն քննադատել է Վրաստանի իշխանություններին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման համար։ ԱՄՆ-ն հայտարարել է Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման, «ժողովրդավարության խախտման» համար պատասխանատու անձանց պատճառով վիզային սահմանափակումների ներմուծման մասին, ինչպես նաև հետաձգել է համատեղ զորավարժությունները։ Իսկ ԵՄ երկրների ղեկավարները համաձայնության են եկել դադարեցնել կառույցին Վրաստանի անդամակցության գործընթացը և սառեցնել 30 միլիոն եվրոյի տրամադրումը Վրաստանի պաշտպանության նախարարությանը։

Ներկայում Վրաստանը Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր է։ Երկիրն այդ կարգավիճակը ստացել է 2023 թ․ դեկտեմբերին՝ Ուկրաինայից և Մոլդովայից մեկ տարի անց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս