Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին
Գազայի հատվածի հարավում գտնվող դպրոցում, որը ծառայում էր որպես փախստականների ճամբար, առնվազն 29 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել իսրայելական ավիահարվածի հետևանքով, հայտնել են Գազայի առողջապահական իշխանությունները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ըստ տեղի իշխանությունների՝ հարվածը հասցվել է Աբասեն ալ Քաբիրա քաղաքում գտնվող ալ Ավդա դպրոցի դարպասների մոտ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ օգտագործել է ճշգրիտ զենքեր, որպեսզի թիրախավորի պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական թևի զինյալներից մեկին, որը մասնակցել էր հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը։
Ականատեսները BBC-ին հայտնել են, որ հարվածի հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ։
Սա վերջին չորս օրվա ընթացքում չորրորդ հարձակումն է դպրոցների վրա, որտեղ ապաստանում են տեղահանված անձինք։
Առաջին երեք հարձակումների առնչությամբ Իսրայելը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ն այդ դպրոցներն օգտագործում է որպես ռազմաբազա։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 38 200 մարդ է զոհվել։