Հարավային Կորեան Ռումինիային կմատակարարի զինամթերքի խոշոր խմբաքանակ՝ 939 միլիոն դոլարի չափով
Կորեայի Հանրապետությունը Ռումինիայի հետ կնքել է գործարք՝ մոտ 1,3 տրիլիոն վոն (939 մլն դոլար) գումարի չափով զինամթերքի խոշոր խմբաքանակի վաճառքի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Հարավային Կորեայի Hanwha Aerospace պաշտպանական հսկան զենք և զինամթերք կարտահանի Ռումինիա։ Մասնավորապես, ռումինական կողմը կստանա 54 K-9 ինքնագնաց հաուբից և 36 զրահամեքենա զինամթերքի տեղափոխման համար։
Ինչպես նշում է Yonhap-ը, սա Ռումինիայի կողմից զենքի գնման խոշորագույն գործարքն է վերջին յոթ տարվա ընթացքում։ Սեուլը նաև ակնկալում է, որ Ռումինիան կշարունակի համագործակցել Կորեայի Հանրապետության հետ զենքի գնումների բնագավառում և ապագայում հետաքրքրություն կցուցաբերի Redback հետևակային մարտական մեքենայի և K-2 տանկի նկատմամբ։
Հարավային Կորեան արդեն ինքնագնաց հաուբիցներ է մատակարարել որոշ երկրների, այդ թվում՝ Ավստրալիային, Եգիպտոսին, Հնդկաստանին, Նորվեգիային, Լեհաստանին, Թուրքիային, Ֆինլանդիային և Էստոնիային: