Լարված իրավիճակ Երևանի Ազատության պողոտայում. Քաղաքացիների ու ոստիկանների միջև քաշքշուկ է եղել
Երևանի Ազատության պողոտայում լարված իրավիճակը է, բնակիչները դեմ են կառուցվող նոր շենքին։ Ազատության 12/2 շենքի բնակիչ Արթուր Գրիգորյանը լրագրողներին ասաց, որ առավոտյան ժամը 09։00-ի կողմերը մոտավորապես 120 ոստիկան ներխուժեցին իրենց բակ՝ ապահովելու շինարարության մեկնարկը։ News.am-ի փոխանցմամբ` քաղաքացիների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել։
Ա. Գրիգորյանի խոսքով, իրենք դիմումներ են ներկայացրել, ահազանգել են քաղաքապետարան, դատախազություն, քաղաքաշինության կոմիտե. «Մենք ուզում ենք առայժմ կասեցվի որևէ գործողություն, մինչև հարցը պարզվի»:
Բնակիչները զարմացած են, թե ինչու են այսքան ոստիկան բերել. «Ինչո՞ւ են այսքան ոստիկան կանչել։ Այստեղ ահաբեկչությո՞ւն ենք անելու, ահաբեկի՞չ ենք։ Առավոտյան 8-ից այստեղ են»,- նշեց ակցիայի մասնակից կանանցից մեկը:
Երբ ոստիկաններին հարցրել են, թե ինչո՞ւ են եկել այստեղ, պատասխանել են՝ «դուք ձեր գործով զբաղվեք»։
Բնակիչների խոսքով, ոստիկանները մարդկանց հրահրում են։ Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ կառուցապատողի հետ կկազմակերպեն հանդիպում, քանի որ կառուցապատողն էլ հանդիպելու նախաձեռնությունն ունի, ու խնդրեց, որ իրար լսեն, վեճի չբռնվեն։