
ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանի խաղաղության հավելյալ գործոն կդառնա

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում հաղորդակցման ուղիների ապաշրջափակումն օգուտ կբերի ինչպես բուն տարածաշրջանի, այնպես էլ դրա սահմաններից դուրս գտնվող երկրներին։
Այս մասին Արարատ Միրզոյանը հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
ՀՀ ԱԳ նախարարն, անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, նշել է, որ Հայաստանը կառուցողական առաջարկ է ներկայացրել և կառուցողական է տրամադրված այդ հարցում։
«Մենք կարծում ենք, որ այս տեսլականը և այդ ապաշրջափակումը կարող է տնտեսապես շահավետ լինել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների և նույնիսկ ավելի մեծ տարածաշրջանի երկրների համար։ Ավելին, կարծում ենք, որ այս ծրագիրը և այդ ապաշրջափակումը հավելյալ խաղաղության գործոն կդառնա տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով մենք հանդես ենք եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ։ Ի դեպ, հետաքրքիր փաստ է, որ ՀՀ վարչապետն առաջին անգամ Թբիլիսիում է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը»,- հիշեցրել է Միրզոյանը։
Հայաստանի ԱԳ նախարարը իր վրացի գործընկերոջը հրավիրել է Երևան։