Միրզոյանը հայտնել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն ավարտին հասցնելու հստակ փոխըմբռնման մասին
Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական մթնոլորտում շարունակել և ըստ հնարավորության նաև ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Միրզոյանն իր ելույթում նշել է, որ երկու երկրների միջև առկա է շատ հագեցած օրակարգ և դրանք շատ սրընթաց զարգացում են ապրում՝ ունենալով բարձր մակարդակի երկխոսություն և համագործակցելով ամենատարբեր ոլորտներում՝ տնտեսություն, կրթություն, անվտանգություն։
«Հայաստանը և Վրաստանը ամենաբարձր մակարդակով արձանագրել են նաև, որ փոխադարձաբար ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Կարևոր ենք համարում, որ երկրների միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական մթնոլորտում շարունակել և ըստ հնարավորության ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը»,- ասել է Միրզոյանը՝ կարևորելով այն աջակցությունը, որը կողմերը ցուցաբերում են միմյանց տարբեր միջազգային հարթակներում՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շատ սրընթաց զարգացումների համատեքստում։