Գուտերեշը, Պուտինը, Ծինփինն ու այլ բարձրաստիճան այրեր ժամանել են Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ու Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը ժամանել են Ալմաթի՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։
Հուլիսի 3-ին Ղազախստանի նախագահի նստավայրում արդեն կայացել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը Չինաստանի գործընկերոջ՝ Սի Ծինփինի հետ։ Վերջինս Ղազախստանում է պետական այցով։
ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին Աստանայում։ Մասնակիցները կքննարկեն քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար փոխգործակցության արդի հարցերի լայն շրջանակ։
Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2011 թվականին։ ՇՀԿ անդամ է 9 երկիր՝ Ղազախստան, Հնդկաստան, Իրան, Չինաստան, Ղրղզստան, Պակիստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան։
Այս գագաթնաժողովին Բելառուսը կդառնա ՇՀԿ լիիրավ անդամ:
Ներկայում ՇՀԿ տարածաշրջանի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության գրեթե կեսը, նրա տարածքը զբաղեցնում է երկրագնդի ցամաքի մոտ մեկ քառորդը, իսկ ընդհանուր ՀՆԱ-ն գերազանցում է 23 տրիլիոն դոլարը: Փորձագետների կարծիքով՝ կազմակերպության նկատմամբ համաշխարհային հանրության հետաքրքրությունն աճել է, հատկապես՝ միջազգային իրավիճակի վատթարացման ֆոնին։
Կառույցն ապահովում է անդամ երկրների միջև համագործակցության իրականացումը տարբեր ոլորտներում՝ տարածաշրջանային անվտանգություն, տնտեսական զարգացում, բարիդրացիական հարաբերությունների և փոխվստահության խթանում:
Հայաստանի Հանրապետությունը 2016 թվականից ունի Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։