«Ն եւ Ս քոնսթրաքշն» եւ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները բնակիչներին սեփականության վկայականներ չեն տալիս. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ն եւ Ս քոնսթրաքշն» եւ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները Դավթաշեն թաղամասի Անաստաս Միկոյան 64 հասցեում բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ համալիր են կառուցում` պայմանական՝ «Դավթաշեն Սիթի» թաղամաս անվամբ, 6 մասնաշենքից բաղկացած:
«Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր է ստացել համալիրում տուն գնած քաղաքացիներից առ այն, որ կառուցապատողն իրենց տան վկայականները չի տալիս:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց Երեւանի քաղաքապետարան՝ հետաքրքրվելով, թե ինչու չի տրվում այդ շենքերի համար ավարտական փաստաթուղթը, որի հիման վրա կառուցապատողը կարողանա սեփականության վկայականներ ձեռք բերել:
Ի պատասխան` ստացանք հետեւյալը. «Տեղեկացնում ենք, որ 05.06.2024 թվականին կառուցապատող «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ին (ոչ թե KR CONSTRUCTION) Միկոյան 64 հասցեի բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրի համար տրվել է ավարտական ակտ»: Երբ է տրվել` քաղաքապետարանը չի նշել:
Բանն այն է, որ այս տարածքում շինարարություն են անցկացնում 2 ընկերությունները համատեղ։
Կառուցապատող ընկերությունները մամուլի ուշադրության կենտրոնում արդեն հայտնվել են. «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ում բաժնեմաս ունի ԱԱԾ քննչական դեպարտամենտի նախկին պետ Արթուր Աղաջանյանի կինը` Արմինե Եղիազարյանը: Հիշեցնենք` «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել էր 10 հատ «ԳԱԶ» մակնիշի եւ 4 «ԿամԱԶ» մակնիշի աղբատարեր՝ թերեւս շինթույլտվությունների կամ այլ մի բանի համար, որոնց մասով մամուլը ժամանակին անդրադարձել էր:
Ըստ «Հետք»-ի՝ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նաեւ Ֆիրդուսու թաղամասի կառուցապատողներից է: Դրա քույր` «ԿաԷռ մայնինգ» ՍՊԸ-ն 2-րդ, 4-րդ եւ 5-րդ լոտերի սեփականատերն է, բայց Դավթաշենի կառուցած շենքերի վկայականները հապաղում է տալ»: