Գրիգոր Մինասյանը Միջազգային քրեական դատարանի նախագահի հետ քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Նիդերլանդների Թագավորությունում (Հաագա) հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմակո Ականեի հետ:
ԱՆ-ից հայտնում են, որ Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 1-ից: Կանոնադրության վավերացմամբ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ պայքարելու համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող ծանրագույն հանցագործությունների անպատժելիության դեմ: Այսպիսով, ՀՀ-ն ճանաչել է ՄՔԴ իրավասությունը հետադարձ ուժով՝ հանձն առնելով համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը Հռոմի կանոնադրության սկզբունքներին:
Գրիգոր Մինասյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության իրականացման համար ազգային իրավական դաշտի մոտարկման շարունակականությունը, միաժամանակ, պատրաստակամություն հայտնել զարգացնել համապատասխան իրավապահ մարմինների կարողությունները Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացի արդյունավետ իրականացման համատեքստում:
Եզրափակելով խոսքը, Գրիգոր Մինասյանը երախտագիտություն է հայտնել Միջազգային քրեական դատարանին՝ համագործակցությունն ամրապնդելու հնարավորության համար:
Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմակո Ականեն շնորհավորել է Հայաստանին` ՄՔԴ անդամ դառնալու կապակցությամբ, պատրաստակամություն հայտնել Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացում և համագործակցության այլ ուղղություններով Հայաստանին աջակցելու հարցում։