Զելենսկի. ԱՄՆ-ն այսօր չի աջակցում Ուկրաինային ՆԱՏՕ-ի հրավեր տրամադրելուն
ԱՄՆ-ն չի աջակցում Ուկրաինային այսօր ՆԱՏՕ-ի հրավեր տրամադրելուն, որպեսզի չնյարդայնացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում։
ՌԲԿ-Ուկրաինան հրապարակել է Զելենսկիի հարցազրույցից մի հատված։
Ըստ Զելենսկիի, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն այսօր չի պաշտպանում ոչ գործող նախագահ Ջո Բայդենը, ոչ էլ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։
«Մենք հասկանում ենք, որ Սպիտակ տունը պատրաստ չէ մեզ հրավիրել։ Նրանք բացահայտ ասում են այդ մասին։ Այս մասին է խոսում նախագահ Բայդենը։ Իսկ Թրամփն ասում է, որ եթե չլիներ ՆԱՏՕ-ն, պատերազմը գուցեև չսկսվեր։ Մենք լսում ենք երկու կուսակցության կարծիքները։ Եվ դա վկայում է, որ այսօր ոչ ոք Ուկրաինան ՆԱՏՕ-ում չի տեսնում։ Ցավոք սրտի»,- ասել է նա:
Սակայն, ըստ Զելենսկիի, ինքը չի պաշտպանում ամերիկյան նման քաղաքականությունը և այն հետընթաց ուղի է համարում։ Նրա կարծիքով, նման զգուշավոր քաղաքականությունը նման է «ականապատ դաշտում սակրավորի քայլերին», այլ ոչ թե համաշխարհային առաջնորդների քաղաքականությանը։
«Այս ամենը հասկանալով, եթե այսօր մեզ համար հրավեր չկա, ուրեմն կոնկրետություն ենք ուզում։ Եթե Ամերիկան վախենում է Պուտինին նյարդայնացնելուց, և այդ պատճառով մեզ չի հրավիրում, ապա մենք խնդրում ենք ԱՄՆ-ին տալ մեզ առավելագույնը, ինչը կարող է պաշտպանել մեզ։ Մենք խնդրում ենք Patriot, բավարար քանակությամբ F-16-ներ, բավականաչափ զենք՝ մեզ պաշտպանելու համար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։