Սի Ծինփինը մեկնել է Ղազախստան
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է միջազգային ուղևորության, որի ընթացքում Աստանայում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստին, նա նաև պետական այցերով հրավիրված է Ղազախստան և Տաջիկստան։ Այդ մասին հաղորդել է Xinhua գործակալությունը։
«Բացի պետական այցից, ես մասնակցելու եմ ՇՀԿ-ի՝ Աստանայում կայանալիք գագաթնաժողովին: Իր նախագահության շրջանակներում ղազախական կողմը կատարել է վիթխարի արդյունավետ աշխատանք, ինչն օգնել է մեր կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով Աստանայի գագաթնաժողովը կավարտվի բարձր նոտայով, կհամախմբի ՇՀԿ-ի մեծ ընտանիքը և կբացի համագործակցության նոր էջ»,- ասված է Չինաստանի ղեկավարի ՝ «Չինաստան և Ղազախստան. ընդհանուր ձգտում դեպի նոր հորիզոններ» հեղինակային հոդվածում, որի տեքստը հրապարակել է ղազախական Kazinform գործակալությունը։
ՇՀԿ-ի անդամ երկրների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին Աստանայում։ Հանդիպմանը հրավիրված են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։