Լենա Նազարյանը դատարանի պահանջով ներողություն է խնդրել ու դեռ պետք է տուգանք վճարի Թագուհի Թովմասյանին. «Ժողովուրդ»

2021 թվականի մայիսի 3-ին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից քննադատեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիակները պարկերով լցրել էին գետնին, ու որեւէ մեկը այդպես էլ այդ ազգային ամոթի համար պատասխանատվության չենթարկվեց:

Այս ելույթից հետո ԱԺ նիստը նախագահող Լենա Նազարյանը, բարձրախոսը միացրած, վիրավորեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ «իդիոտկա» վիրավորական բառով: Հենց նույն դահլիճում րոպեներ հետո Թագուհի Թովմասյանը պահանջեց Լենա Նազարյանից, որ ներողություն խնդրի, սակայն Նազարյանը հրաժարվեց կատարել պահանջը՝ ավելի բարդացնելով իրավիճակը: Ընդդիմադիր պատգամավորը դիմեց դատարան:

Ի վերջո, եռաստիճան դատական համակարգում Թագուհի Թովմասյանը հաղթեց բոլոր ատյաններում եւ հիմա՝ դեպքից 3 տարի անց, Լենա Նազարյանը, դատարանի պահանջով, «Առավոտ» օրաթերթում հրապարակել է ներողության տեքստը, ինչպես նաեւ պետք է վճարի փոխհատուցում Թագուհի Թովմասյանին վիրավորելու համար:

Դատարանը բավարարել է 300 հազար ՀՀ դրամի փոխհատուցումը, քանի որ առավել մեծ գումար վճարելու հնարավորություն ՔՊ պատգամավորը չունի: Իսկ իրականում այդ ընթացքում Նազարյանը Ծաղկաձորում բնակարան է գնել եւ, ըստ պաշտոնական հայտարարագրի, Նազարյանի դրամական միջոցները մի քանի անգամ ավելացել են վերջին տարիներին:

Տեսանյութեր

Լրահոս