ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու բացառիկ հնարավորության մասին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծիք է հայտնել, որ ներկայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու բացառիկ հնարավորություն կա։

Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը՝ մեջբերելով Բլինքենի խոսքերը Բրուքինգսի համալսարանում ունեցած ելույթից։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչելու բացառիկ հնարավորություն կա, որը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը և, ընդհանրապես, կարծում եմ՝ հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական հաղորդակցության, տնտեսական աճի, ինչպես արևելքի և արևմուտքի, այնպես էլ հյուսիսի և հարավի երկրների միջև կապերի հաստատման համար: Ադրբեջանը վճռորոշ դեր ունի այս հարցում»,- ընդգծել է Բլինքենը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ակտիվ ներդրում է կատարել սեփական դիվանագիտության մեջ՝ փորձելով օգնել Ադրբեջանին ու Հայաստանին խաղաղության համաձայնագրին մոտենալու հարցում։

ԱՄՆ պետքարտուղարն իր խոսքում նաև նշել է, որ Վաշինգտոնն այդ աշխատանքը կատարել է Եվրոպական միության հետ շատ սերտ համագործակցությամբ և համակարգմամբ և կարծիք է հայտնել, որ Երևանն ու Բաքուն, իսկապես, կարող են հասնել խաղաղության։

«Ես այդ մասին մոտ 1 շաբաթ առաջ խոսել եմ նախագահ Ալիևի հետ զրույցի ընթացքում։ Կարծում եմ, որ դա իրագործելի է և լիովին համապատասխանում է Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի շահերին», – եզրափակել է Էնթոնի Բլինքենը։

Տեսանյութեր

Լրահոս