Բաժիններ՝

ՄԻՊ-ը բողոքներ է ստացել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ները ծառայությունները պատշաճ չեն իրականացնում

Մարդու իրավունքների պաշտպանին պարբերաբար հասցեագրվում են դիմում-բողոքներ այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ները իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում։

Նշվածի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվել նաև սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։

Այսպիսով, 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 79 գրավոր և բանավոր դիմում-բողոք 106 անձանցից։

«Վեոլիա Ջուր» ընկերության վերաբերյալ ստացվել է 49 գրավոր և բանավոր բողոք 74 անձից։ Քաղաքացիները հիմնականում բարձրաձայնել են հարցեր կապված սահմանված ժամանակացույցին համապատասխան ջրամատակարարում չիրականացնելուն, ջրամատակարարման ընդհատումներին, ինչպես նաև ջրանջատումների վերաբերյալ պատշաճ չծանուցելուն, խմելու ջրի որակին, ճնշմանը և այլն։

Նշված խնդիրների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է նաև սոցիալական մեդիայի մշտադիտարկում, ուսումնասիրվել են քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը։

Հաշվի առնելով, որ խնդիրները զանգվածային են և ունեն շարունակական բնույթ՝ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում ստեղծված իրավիճակը։ Հատկապես մտահոգիչ է, երբ ամռան ամիսներին մարդիկ զրկված են ջրի և սանիտացիայի հասանելիությունից։

Ելնելով վերոգրյալից՝ Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է՝ անհրաժեշտ է ուսումնասիրել վթարային ընդհատումների պատճառները և աշխատանքներ իրականացնել դրանք նվազագույնի հասցնելու ուղղությամբ, առավել հետևողական լինել խմելու ջրի մատակարարման ծառայությունների կանոնների, ինչպես նաև ջրամատակարարման ընդհատումների վերաբերյալ պատշաճ ծանուցումների իրականացման նկատմամբ։

Բազմաթիվ բողոքներ ստացվել են նաև «ՀԷՑ» ՓԲԸ-ի վերաբերյալ։ Այսպես, ստացվել է 30 գրավոր և բանավոր բողոք 32 անձից, որոնք հիմնականում վերաբերել են էլեկտրամատակարարող ընկերության կողմից առանց նախապես պատշաճ ծանուցելու և տևական ժամանակով էլեկտրաէներգիայի ընդհատումներին, դրա հետևանքով նյութական վնասի պատճառման դեպքերին, աշխատանքային գործունեության պատշաճ իրականացումը խաթարելուն, ֆինանսական վնասների կրմանը։

Այս ամենի հետևանքով էական վնաս է հասցվում ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ տարբեր կազմակերպությունների։

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին հատուկ հաստատություններ մոնիթորինգային այցերի ընթացքում հասցեագրվել են բազմաթիվ բողոքներ, որ էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների ընթացքում անհնար է լինում ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Օրինակ, կան հաստատություններ, որոնք կահավորված են վերալակով հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժը ապահովելու նպատակով՝ մինչդեռ պարբերական և առանց պատշաճ ծանուցման էլեկտրոէներգիայի անջատումների հետևանքով հաճախ խնդիր է առաջանում նրանց մի հարկից մյուսը տեղափոխելու և այլ վերաբերելի հարցերի հետ կապված։

Պարբերական անջատումների հետևանքով խաթարվում է նաև մի շարք պետական մարմինների բնականոն գործունեությունը: Այսպես, օրինակ՝ Պաշտպանի աշխատակազմի վարչական շենքի էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով խաթարվում է Պաշտպանի աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև թեժ գծի կամ այլ ֆիքսված քաղաքային և ներքին հեռախոսահամարների միջոցով անձանց իրավաբանական խորհրդատվությունների տրամադրումը, ըստ անհրաժեշտության՝ արագ արձագանքման այցերի կազմակերպումը, միջազգային գործընկերների հետ հանդիպումների իրականացումը և այլն:

Հարկ է նկատել, որ պարբերական բնույթ կրող էներգամատակարարման տատանումները կարող են նաև էական վնաս հասցնել համակարգչային սարքերին ու այլ սարքավորումներին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ էներգամատակարարման հաճախակի կրկնվող դադարեցումները ոչ միշտ են պայմանավորված պլանային կամ վթարների վերացման աշխատանքներով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պաշտպանն ընդգծում է, որ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել վթարային արտապլանային ընդհատումների պատճառները, աշխատանքներ իրականացնել (այդ թվում՝ պահուստային (երկրորդային) սնուցում ապահովելու միջոցով) դրանք նվազագույնի հասցնելու համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները բարելավելու ուղղությամբ։

Հարկ ենք համարում ընդգծել, որ նշված երկու դեպքերին Մարդու իրավունքների պաշտպանն առավել մանրամասն անդրադարձել է 2023 թվականի տարեկան հաղորդման մեջ։ Տեղեկացնենք նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրված խնդիրների վերաբերյալ գրություններ է հասցեագրել «ՀԷՑ» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ներին։

Նշված խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն և Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու դրանց լուծման հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս