Բաժիններ՝

Կրծքավանդակում ցավը կարող է հուշել սրտի լուրջ խնդիրների մասին

Կրծքավանդակում ցավը կարող է հուշել սրտի լուրջ խնդիրների առկայության կամ առաջացման մասին: Խնդիրներն առաջանում են հատկապես ֆիզիկական լարվածության ժամանակ: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մահացությունների ընդհանուր թվի մեծ մասը բաժին է ընկնում սիրտ-անոթային հիվանդություններին։ Սակայն մասնագետները պնդում են՝ այդ ռիսկը հնարավոր է նվազեցնել՝ վարելով առողջ ապրելակերպ, ընդունելով առողջ սննդակարգ և, իհարկե, առաջին իսկ գանգատի դեպքում այցելելով բժշկին:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում սիրտ-անոթային խնդիրների, դրանց առաջացման, կանխարգելման և մի շարք կարևոր գործոնների մասին զրուցել ենք ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դասախոս, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Արամ Տերտերյանի հետ։

Խոսելով նախանշաններից, որոնք կարող են հուշել սրտի հետ կապված խնդրի առկայության մասին, սրտաբանը նշեց՝ կրծքավանդակի առաջնային պատի հատվածում ծանրության, ցավի և այրոցի զգացումները եթե տևում են մի քանի րոպեից ավելի, պետք է անմիջապես դիմել բժշկի օգնությանը՝ զանգել շտապօգնություն:

«Մյուս գանգատները, որոնք կարող են խոսել սուր սրտային խնդիրների մասին՝ չհիմնավորված, հանկարծակի առաջացող շնչարգելությունն է, օդի պակասի զգացումը, երբ հիվանդը ստիպված է լինում պառկած դիրքից նստել կամ կիսահենվել, որպեսզի շնչառությունն ավելի թեթևանա։ Նման նախանշանները սովորաբար բնորոշ են սուր սրտային անբավարարությանը»,-ասաց բժիշկ Տերտերյանը։

Մասնագետը նշեց՝ չնայած մեր օրերում դժվար է, սակայն հնարավոր է առօրյայում շատ պարզ քայլեր կիրառելով՝ ունենալ առողջ սիրտ։ Ըստ նրա՝ դա, իհարկե, նորմալ սննդակարգն է, ֆիզիկական ակտիվությունը՝ մասնավորապես սպորտով զբաղվելը, և ընդհանուր առողջ ապրելակերպի խորհուրդներին հետևելը, ինչպես նաև որոշակի տարիքից հետո պարտադիր է գանգատներին հետևելը և բժշկին դիմելը։

Ըստ սրտաբանի՝ միայն սննդակարգը բավարար չէ, շատ կարևոր է նաև վնասակար սովորություններից հրաժարվելը: Նա նշեց, որ առողջ օրգանիզմ և առողջ սիրտ-անոթային համակարգ ունենալու համար պետք է նաև ամբողջությամբ հրաժարվել ծխախոտից:

Գայանե Գաբոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս