Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառության ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի

Մայիսի 30-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվել է «Թուրքիա-Ադրբեջան աշխատանքային և սոցիալական անվտանգության համատեղ մշտական հանձնաժողովի» 11-րդ նիստը: Նիստից առաջ Թուրքիայի աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար Վեդաթ Ըշըքհանը հանդիպել է ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Սահիլ Բաբաևի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըշըքհանը նիստում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությամբ իրենց երկիրը կշարունակի յուրաքանչյուր հարցում աջակից լինել Ադրբեջանի ժողովրդին և պետությանը:

Թուրք նախարարն ասել է նաև, որ Ադրբեջանը վերածվել է առևտրային, մշակութային և տնտեսական կենտրոնի ու հայտնել թուրքական պետության պատրաստակամությունը՝ տարածաշրջանը զարգացնելու և իրենց բաժինն անելու մասով:

Ըշըքհանը խոսել է երկու պետության միջև առկա առևտրային հարաբերություններից ևս: Նա գոհունակություն է հայտնել առևտրաշրջանառության ծավալներից՝ արձանագրելով դրանցում գրանցված աճը:

«Մենք վճռական ենք մեր ջանքերը բազմապատկելու մեր նպատակին՝ 15 մլրդ դոլարի առևտրաշրջանառությանը հասնելու համար»:

Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադարձ ներդրումների ծավալները հասնում են շուրջ 30 մլրդ դոլարի, ինչն էլ նպաստում է քաղաքացիների որակյալ աշխատանք ունենալու հնարավարության ընդլայնմանը:

Ըստ թուրք պաշտոնյայի՝ մինչ օրս պայմանագրային հիմունքներով գործող թուրքական ընկերությունների կողմից Ադրբեջանում ընդհանուր առմամբ 19.3 մլրդ դոլար արժողությամբ 527 նախագիծ է իրականացվել:

Մամուլի համար արված հայտարարությունում Ըշըքհանը նշել է, որ ստորագրված արձանագրությամբ մեկնարկել է 2024-2025 գործողությունների ծրագրի իրականացումը, ինչը ներառում է աշխատանքի, զբաղվածության, սոցիալական անվտանգության, աշխատանքային առողջության և անվտանգության հարցերի վերաբերյալ 30 գործողություն:

«Այս գործողություններն ավարտին հասցնելով՝ կապահովենք մեր կառույցների ունեցած գիտելիքների փոխանակում և աշխատանքի, զբաղվածության ու սոցիալական անվտանգության ոլորտնում համատեղ աշխատանքների իրականացում:

Մենք ուշադիր հետևելու ենք այս գործողությունների իրագործմանը: Այսօր մեր կողմից ստորագրված արձանագրությունը հստակեցնում է առաջիկա 2 տարում մեր համագործակցության հիմնական ուղիները»,- հավելել է նա:

Նշենք, որ նիստին մասնակցելու նպատակով Բաքվում գտնվող Ըշըքհանն այցելել է Ադրբեջանի նախկին նախագահ, ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի գերեզման:

Տեսանյութեր

Լրահոս