Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովը հաղթահարել է նախագահի վետոն «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը հաղթահարել է նախագահի վետոն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագծի վրա։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետոյին կից նկատողություններում նշել էր, որ օրինագիծը ենթակա չէ փոփոխությունների, և ավելացրել էր մեկ հոդված, որի համաձայն, օրենքը ուժը կորցնում է ուժի մեջ մտնելու հաջորդ օրը։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ նախագահը փակել է քննարկման և փոփոխություններ կատարելու հնարավորությունը, և, հետևաբար, վետոն կհաղթահարվի:
«Դուք ինձ չեք ստիպի անցնել օրենքի բովանդակային, հոդված առ հոդված քննարկմանը… Ամբողջ օրենքն անընդունելի է և պետք է չեղարկել», – նիստի ժամանակ հայտարարել է նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։
Այժմ հարցը քվեարկության կդրվի լիագումար նիստում, որը կկայանա մայիսի 28-ին:
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, սակայն մայիսի 18-ին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել դրա վրա։
Օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։
Օրենքի ընդունումը Վրաստանում առիթ է դարձել բազմահազարանոց ցույցերի, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների։
ԱՄՆ-ում և ԵՄ-ում նախազգուշացրել են, որ օրենքի ընդունումը կարող է սպառնալ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։